Ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ծնողները անձնական հայցով կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե խոսքը նվաստացման մասին է, NEWS.am-ին ասաց փաստաբան, Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային կառույցներին ՀՀ քաղաքացու հրապարակային նվաստացումների եւ սպանության ապացույցներ է ներկայացնում, ապա, ըստ Ղազարյանի, եթե դրա արդյունքում միջազգային այս կամ այն կառույցները ինչ-որ բանաձեւեր ընդունեն, ապա  դրանք որպես քաղաքական փաստաթուղթ օգտակար կլինեն իրավական դաշտում:

Ղազարյանը նշել է, որ եթե խախտվել է մարդու իրավունքը, ապա այս պարագայում հայց կարող են ներկայացնել զոհի ծնողները: «Պետությունը եւս կարող է դիմել այս կամ այն իրավասու կառույցներին՝ նրանց դիրքորոշումները հստակեցնելու համար, որոնք իրենց հերթին կարելի է օգտագործել քաղաքական դաշտում:

Պետությունը կարող է իր անունից դիմում ներկայացնել ընդդեմ այլ պետության, եթե նպատակ է դրված հավաքական կիրառել միջազգային փաստաթուղթը»,- նշել է նա:

Ըստ փաստաբանի՝ օրինակ, Հայաստանը կարող է հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի՝ հայատյացության հիմքով, այն հիմքով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի խտրականության ենթարկվելու սպառնալիքի տակ է միայն այն բանի համար, որ հայ է, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով խախտվում է Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 14-րդ հոդվածը: «Հայաստանը կարող է նման քաղաքականության հարյուրավոր օրինակ եւ ապացույց բերել. Հակահայկական հայտարարություններ ոչ միայն բարձրաստիճան  պաշտոնյաների, այլեւ հենց նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից, Ռամիլ Սաֆարովի գործը եւ այլն:

Հնարավոր է՝ապագայում այս հիմքով Հայաստանը որոշի միջպետական հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի, երբ սպառվեն դիվանագիտական բոլոր հնարավորությունները:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել էին օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:  Նախնական վարկածով՝ Կարենը մոլորվել էր անտառում, ուր մեկնել էր փայտ հավաքելու եւ արդյունքում հայտնվել ադրբեջանական կողմում: