Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Աբովյանում կատարված սպանությունից:

Օգոստոսի 13-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի խաղահրապարակում հայտնաբերել է մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1947 թ. ծնված Գագիկ Սարգսյանն է:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել գլխուղեղի կարեւոր ֆունկցիաների խանգարումից, որը հետեւանք է գանգուղեղային փակ, բութ վնասվածքի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի բաժնի եւ Կոտայքի քննչական բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում` օգոստոսի 14-ին, ժամը 18.55-ին, սպանություն կատարելու կասկածանքով Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ն եւ ներկայացվել քննչական բաժանմունք հարցաքննության:

Նա ցուցմունք է տվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն հայհոյելու համար ձեռքով հարվածել է Գագիկ Սարգսյանի դեմքին, այնուհետեւ տեղափոխել հիշյալ վայրն ու հեռացել:

Արտյոմ Զ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: