Խաչատուր Քոքոբելյանը երբեւէ անհամաձայնություն չի հայտնել Հայ ազգային կոնգրեսի քաղաքականութան վերաբերյալ՝ այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրսեի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի՝ կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաեւ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կողմից իր իսկ վստահության հարցը վարչության քննարկմանը ներկայացնելու փաստին։ ՀԱԿ համակարգողն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը 18 կուսակցության համագործակցության դաշտ է եւ ներկուսակցական գործերին չի խառնվում։
«Ամեն կուսակցության մեջ կարող են լինել կադրային փոփոխություններ, ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ։ Մենք դրանց երբեք չենք միջամտում։ Մեզ համար կուսակցությունների նպաստը չափվում է իրենց աշխատանքով, որ իրենք կատարում են Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդում եւ կենտրոնական շտաբում։ Այդտեղ է, որ մենք շփվում ենք կուսակցությունների դիրքորոշումների հետ։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, ապա ՀՀՇ-ն, առանց որեւէ խնդրի, միշտ պարտաճանաչորեն մասնակցել է ՀԱԿ-ի ղեկավար մարմինների աշխատանքներին եւ միշտ ներկայացրել է իր դիրքորոշումները»,-նշեց Զուրաբյանը։ Նա նաեւ հավելեց.
«ՀՀՇ-ի ներկայացուցիչները՝ եւ՛ Արարատ Զուրաբյանը, եւ՛ Խաչատուր Քոքոբելյանը, միշտ մասնակցել են ՀԱԿ աշխատանքներին ու ներկայացրել իրենց դիրքորոշումները։ Լեւոն Զուրաբյանի հավաստմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը քաղխորհրդի նիստերին բազմիցս մասնակցել է «եւ բացարձակ կառուցողական կերպով աջակցել է ՀԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին»։
«Ես որեւէ դեպք չեմ հիշում, որ Քոքոբելյանը որեւէ անհամաձայնություն հայտնի Կոնգրեսի վարած քաղաքականության վերաբերյալ, հակառակը՝ կատարյալ աջակցություն է հայտնել նրան, ինչ արվում է Կոնգրեսում»,-նկատեց ՀԱԿ համակարգողը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանի խոսքերով՝ Քոքոբելյանը որոշակի տարաձայնություններ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ, եւ արդյոք չի՞ ստացվում, որ Քոքոբելյանը ՀԱԿ ժողովների ընթացքում այլ բան էր ասում, իսկ ժողովներից դուրս՝ մեկ այլ բան, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչ է ասել Քոքոբելյանը, ես գիտեմ՝ ինչ է նա ասել քաղխորհրդի նիստերում։ Դրանցում նա կատարյալ աջակցություն է հայտնել բոլոր միջոցառումներին եւ որոշումներին, որոնք ընդունվել են ՀԱԿ-ի կողմից»։



























