Նիդեռլանդներում մտադիր են քննարկել տեղի Սանտա Կլաուսի սեւամորթ օգնականի իմիջի փոփոխությունը: Խորհրդակցության կազմակերպիչն է երկրի փոխնախարար Լոդեվեյկ Աշերը, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Հիշեցնենք, որ Սանտա Կլաուսի Սեւ Փիթ մականվամբ օգնականը վերջին ժամանակներս ոչ միանշանակ արձագանքի է արժանանում: Սանտա Կլաուսի պատվին հերթական տոնի բացումը կսկսվի նոյեմբերի 15-ին: Ըստ Աշերի՝ անցյալ տարի ավանդական միջոցառումները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել: «Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը տոնը վայելելու հնարավորություն ստանան», – հավելել է փոխվարչապետը:
Սեւ Փիթի մասին քննարկումներին կմասնակցեն ազգային ռադիոհեռարձակող ընկերությունը եւ Գաուդա քաղաքի իշխանությունները, որտեղ ընթանում են հանդիսությունները:
Սեւ Փիթը տոնակատարության գլխավոր հերոսներից է, որը շատ երկրպագուներ ունի Նիդեռլանդներում: Այնուամենայնիվ, հանդիսություններին մասնակից սպիտակ մարդիկ՝ սեւ ներկված երեսներով, հակասական կարծիքներ են առաջացրել ողջ աշխարհում, ասվում է հոդվածում: Մասնավորապես հուլիսին տվյալ հարցի քննությամբ զբաղվող ՄԱԿ-ի աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ավանդույթն իսկապես ռասիստական է:




























