Ղըրղզստանում  ստեղծված իրավիճակը հետեւանք է սոցիալական, քաղաքական եւ տնտեսական խնդիրների։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ունիվեր» գործադիր խմբի վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Դմիտրի Ալեքսանդրովը։ Նրա կանխատեսումներով, Ղըրղզստանի իրադարձությունները շարունակական կլինեն՝ մեկ ուժեղանալով, մեկ հանդարտվելով։ «Ղըրղզստանում էթնիկ բարդ իրավիճակ է ստեղծվել, նոր թափ են առնում կրիմինալը եւ կազմակերպված հանցավորությունը։ Շուտափույթ լուծում այնտեղ չի լինի»,- հայտարարեց Ալեքսանդրովը։

Պատասխանելով ՄԱԿ-ի ռազմական միջամտության մասին հարցին՝ Ալեքսանդրովը դա քիչ հավանական համարեց։ «ՄԱԿ-ը տարբեր կառույցներից բաղկացած, ոչ այնքան ճկուն, զանգվածեղ կազմակերպություն է, եւ մինչեւ միասնական որոշման հանգի, բավական շատ ժամանակ կանցնի»,- կարծում է Ալեքսանդրովը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, փորձագետի կարծիքով, նրա կողմից ակտիվ գործողություններ չեն լինի։