Հունիսի 16-ին Երեւանում կկայանա ՀՀ-ԵՄ համագործակցության առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական` իններորդ նիստը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը` հայկական կողմից, Եվրահանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության «Եվրոպայի (ոչ ԵՄ) եւ Կենտրոնական Ասիայի» վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը` Եվրոպական միության կողմից:
Ենթակոմիտեի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում` մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ՀՀ-ԵՄ առեւտրային հարցեր` երկկողմ առեւտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր եւ համապատասխանության հավաստում, սանիտարական եւ բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային եւ մաքսային ոլորտին առնչվող հարցեր: Նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ առեւտրին առնչվող ԵՄ տեխնիկական աջակցությունը Հայաստանին, ներառյալ` Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները:


























