«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի տխրահռչակ թեստերի վերաբերյալ քննարկումները ավելի թեժանում են: Նույնիսկ երեկ ԳԹԿ-ում լեզվաբանների մասնակցությամբ կազմակերպած քննարկումը շատ բուռն է անցել, սակայն ոչ մի եզրակացության չեն հանգել: Թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանը քննարկման ընթացքում փորձել է միայն արդարանալ, իսկ ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը ստանձնել է հայտնի լեզվաբանների քննադատություններից նրան պաշտպանելու գործը: NEWS.am-ի թղթակիցը թեստերի ու այս քննարկման մասին զրուցել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ, որն ի դեպ նույնպես ԳԹԿ-ի պատվերով թեստ է կազմել, սակայն ընտրվել է Փառանձեմ Մեյթիխանյանի ու Աշխեն Ջրբաշյանի թեստը:
Պարոն Գյուրջինյան, երեկվա քննարկումից ի՞նչ եզրահանգման եկաք:
Որոշում կայացնողը մենք չենք, պաշտոնյաներն են, մենք մեր մասնագիտական կարծիքներն էինք ուզում տեղ հասցնել, բայց կարծես թե տեղ չհասավ։ Իրենք մտքին ունեն մի բան եւ համառորեն առաջ են տանում՝ օգնական ունենալով Փառանձեմ Մեյթիխանյանին եւ նրա տկար գիտելիքները:
Ամեն դեպքում տպավորություն էր, որ տեղ-տեղ հանձնվում էին թեստերի հեղինակները, ի՞նչ եք կարծում՝ կբարձրանա՞ն միավորները:
Միավորները կբարձրանան, բայց չեն կարող շատ բարձրանալ։ 80 առաջադրանքից 30-ը խոտան է, խնդիր կա դասագրքի, ծրագրի, ուցեցույցի հետ։ Ես ասացի այնտեղ, եթե ուզում են ժողովուրդը իրենց հասկանա ու գնահատի, համարձակ պիտի լինեն ու ընդունեն, որ սխալվել են: Դա պիտի քաղաքական վճիռ լինի, իսկ վճիռ կայացնողները այդ համարձակությունը պետք է ունենան:
Դուք նաեւ հայտարարում եք, թե հայոց լեզուն այսպիսով դարձավ ծաղրի առարկա, ի՞նչը նկատի ունեք:
Այո, երբ հայերենի քննությունից հետո սկսում են այդ բառերը շրջանառել, դա հումորային հաղորդման նման մի բան է դառնում: Օրինակ, թեստում զետեղված «պարտասուն» բառը դարձավ տարվա բառը, արտասահմանում տարվա բառ են ընտրում, հիմա մեզ մոտ էլ «պարտասունն» ու այլ բառերն են, որոնք պեղել են բառարաններից: Հասկացանք՝ գրական, գրքային բառ է, բայց նույն բառարանում գրված է, որ հնացած է եւ այլն: Գուլը, ժպրհելը, լառը… Եթե դիմորդները գնան բառարաններից բառեր հանեն, տան կազմողներին, նրանք հաստատ անբավարար կստանան: Երեխային դրել են համակարգչի տեղ: Մեր բառապաշարում 250 հազար բառ կա, դպրոց ավարտողը պարտավոր չէ այդ բառերն իմանալ, այդքան բան պետք է հասկանալ: Կա բառապաշարի նվազագույն քանակ, դպրոց ավարտողը այս շրջանակը պետք է իմանա:
Այս ամբողջ երեւույթի պատճառն ի՞նչն է:
Այս ամբողջ երեւույթի պատճառն այն է, որ մասնագետների սխալ ընտրություն է կատարվել: Այսինքն՝ պիտի հաշվի առնեին նրանց նկարագիրը, սկզբունքայնությունը եւ կարողությունները: Ես հարց տվեցի, չէ՞, ի՞նչն եք հաշվի առել, ծրագի՞ր են գրել, ո՛չ, դասագի՞րք են կազմել, ո՛չ: Ի՞նչն է պատճառը, որ այդ մարդիկ մեջտեղում են հայտնվել:
Պարոն Գյուրջինյան, ամեն դեպքում Դուք եք թեստային համակարգի հիմնադրողը, ի՞նչ լուծումներ եք տեսնում:
Սա իմ մշակած համակարգն է, որ տարեցտարի վատանում է, ավելի փչանում։ Եւ ակնհայտ հետընթաց կա, այն աստիճանի, որ ես ասում եմ՝ երեւի պիտի հրաժարվել համակարգից, եթե չեք կարողանում խելքը գլխին քննություն կազմակերպել: Երբ այս համակարգը ներդնում էինք, բազմակի ընտրության առաջադրանքների մասը բաղադրիչ էր, հետո պիտի գրեինք կարճ պատասխան պահանջող առաջադրանքեր եւ ընդարձակ պատասխան պահանջող: Այսինքն՝ նրանք պիտի շարադրանք գրեին, ինչ-որ երեւույթի մասին կարծիք հայտնեին։ Մեր նախարարությունը, երբ նախարար էր Սերգո Երիցյանը,հրաժարվեց՝ ասելով, որ մենք անաչառ ստուգողներ չունենք:
Ինչպե՞ս եք վերաբերվում փոխնախարար Մանուկ Մկրտչյանի այն հայտարարությանը, թե իրենք են պատվիրել այս բարդությունը: Այսինքն՝ այս պատկերը իրենց ինչի՞ն էր պետք:
Դա լուրջ հայտարարություն է, ինքը պիտի պատասխանի, ինձ ասել են՝ պիտի լինի բարդ, բայց ոչ այսպիսին: Բարդը ուրիշ է, խոտանը՝ ուրիշ: Փառանձեմ Մեյթիխանյանի ղեկավարած խումբը դիմորդներին խոտան մատուցեց: Մեյթիխանյանը հստակ գիտի, որ իր եփած ճաշից հետո իրեն այլեւս թեստ չեն պատվիրի:
Թեստերի անգրագիտությունը փաստող մի քանի օրինակներ կնշե՞ք:
Օրինակ՝ ասում են, որ բառերը համանուններ ունեն եւ ընտրում են մեկ զույգ՝ փող-փողավոր, բայց այնտեղ չորս տարբերակներն էլ ճիշտ պատասխան են: 6-րդ առաջադրանքն էր կարծեմ, ասում են ճիշտ է 4-րդ պատասխանը, որ բառերի բաղադրիչները գրվում են միասին։ Բայց նայում ես՝ առաջին տողում չորս բառերն էլ միասին գրվող են: Հիմա եթե դիմորդը առաջինն է ընտրել եւ ճիշտ է արել, ինչպե՞ս պիտի իր միավորը իրեն չվերադարձնեն։ Ես այդ բանը չեմ կարող հասկանալ։ Ի՞նչ պետք է պատասխանեն դիմորդին, որը կարող է ապացուցել, թե ինքը ճիշտ է գրել:
Տեղադրություն


























