Երեւանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկից օգոստոսի 15-ին ընկած 32-ամյա Անժելան ամուսնացած էր, 3 անչափահաս որդի ուներ:

NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները պատմեցին, որ դեռ ուշքի չեն եկել, կատարվածն իրենց համար անսպասելի էր:

«Անժելան մեր շենքում չէր ապրում, ամուսնացել ու գնացել էր Սարի թաղում ապրելու, իսկ այստեղ տատիկի տունն է: Տատն ասում էր, որ առողջական խնդիրներ ունի, բերել է մի քանի օր խնամելու: Բայց դե նեւրոզ ուներ: Երեխաներից մեկը հաշմանդամ էր, կույր էր, խեղճ Անժելան շատ էր չարչարվում»,- ասաց հարեւանուհիներից մեկը:

Անժելայի հայրը կալանավայրում է, իսկ մայրն էլ երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում է, Հայաստանում նրան մեծացրել է տատիկը: Հարեւանների պատմելով՝ Անժելան ինքն է բնակարանը փորձել այրել, իրենք մի կերպ են հանգցրել կրակը:

«Անկողնային բոլոր պարագաները հավաքել ու վառել էր, հետո էլ գազն էր բաց թողել ու նետվել պատուհանից: Ես ուժեղ գմփոց լսեցի, մինչեւ հասա, տեսնեմ՝ դիակն արդեն շենքի բակում էր: Ի՞նչ հասկացավ իր կյանքից, անհեր-անմեր մեծացած երեխա»,- ավելացրեց հարեւանուհին:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությանը, օգոստոսի 15-ին ժամը 12.44-ին տեղեկություն էր ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում, որի պատուհանից քաղաքացի է վայր ընկել: Պարզվել է, որ բնակարաններից մեկի հյուրասենյակում այրվել են հագուստ` 4 քմ եւ կենցաղային իրեր` 0,7 քմ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 2 շենքի բակում հայտնաբերվել է Անժելա Գ.-ի դին: