Այսօր՝ հունիսի 15-ին հերթական ծեծկռտուքն է արձանագրվել Երեւանում, այս անգամ՝ Ճարտարագիտական համալսարանի մոտ, որտեղ ընթանում էին մաթեմատիկայի կենտրոնացված քննությունները:

Մաթեմատիկայից միասնական քննություն հանձնող դիմորդների ծնողները պնդել են, որ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված քննակենտրոնի հսկիչները նախատեսված ժամանակից 15 րոպե շուտ թեստերը խլել են դիմորդների ձեռքից: Ծնողները ներխուժել են քննակենտրոն եւ սկսել բացատրություն պահանջել: Երեխաների ծնողները «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, թե միայն քննակենտրոնի պատի ժամացույցով էր լրացել քննական 3 ժամը, իսկ քննության ընթացքին դրսում տեղադրված էկրաններից հետեւող ծնողների պնդմամբ` 15 րոպե շուտ թեստերը հավաքվել են, նույնը պնդել են նաեւ քննություն տվող դիմորդները: Մինչդեռ քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանն այլ բան է պնդում:

Մինչ այդ, քննակենտրոնի բակում ծեծկռտուք է սկսվել դիմորդների ծնողների եւ ոստիկաների միջեւ: