Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանն արդեն 3-րդ տարին է՝ որպես «Իտարկո քոնսթրաքշըն» ընկերության տնօրեն, հրաժարվում է հաշվետվություն ներկայացնել բաժնետերերին, որոնց մեկն էլ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի կինն է: NEWS.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը հայտնեց, որ հենց այդ պատճառով են դիմել դատարան:

«Կնոջս է պատկանում ընկերության 20 տոկոսը: Մենք փորձեցինք գրավոր պահանջել հաշվետվություն, բայց մի շատ զվարճալի թղթի կտոր տվեցին, մինչդեռ այնտեղ մեծ շենքեր են սարքում, կան բավականին մեծ կապիտալ եւ այլն, եւ այլն, եւ այդ մասին ոչ մի բառ: Ստիպված եղանք դիմել դատարան, որ հասկանանք, թե ինչ է կատարվում այդ ընկերության ներսում»,- ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Հրաչ Կապրիելյանն իրեն այդպես է պահում, որովհետեւ կարծում է՝ անպատժելի է. «Իր լկտի պահվածքը պայմանավորված է նրանով, որ բարերարի իմիջ է ստեղծել եւ իրեն թվում է, որ իրեն ամեն կարելի է, իր նկատմամբ միշտ բարյացակամ են վարվում: Բայց չգիտի, որ դա վերջն եկել է, ինքը պարտավոր է ինձ հետ հաշվի նստելու եւ վերադարձնելու գողացված գումարը»:

Արագած Ախոյանի պնդմամբ՝ Հրաչ Կապրիելյանի դեմ մի շարք գործեր կան հարուցված, նույնիսկ քրեական:

«Հրաչ Կապրիելյանը բոլորիս խաբել է, հենց մեկը «Տոնուս»-ից տուժածները, կան նաեւ մարդիկ ովքեր ձայն չեն հանում, իսկ ես ճշմարտությունը շպրտում եմ Հրաչ Կապրիելյանի դեմքին: Արդեն 10 տարի այս վեճը շարունակվում է: Կարծում եմ՝ դատարանով այս անգամ կհաղթենք մենք: Քրեական գործ էլ կա հարուցված, որն առայժմ քննման փուլում է, կա վկա, որը Հայաստանում չէ եւ նրան պետք է գտնել: Խարդախությունն արդեն ապացուցված է: Եթե խնդիրներ չառաջանան քաղաքացիության հետ կապված, ապա նրան կկալանավորեն»:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի ու ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջեւ «ռազբորկաները» դեռ շարունակվում են: Հարաբերություններն այնքան են սրվել, որ ԲՀԿ-ական պատգամավորի ընտանիքն օրերս նորից դատական հայց է ներկայացրել Կապրիելյանի դեմ: Դեռ 2008թ. այն ժամանակվա ոստիկանապետին է դիմել. «Մեզանից մեկն ու մեկը հանցագործ է, բացահայտեք եւ պատժեք: Շատ բա՞ն եմ ուզում»:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանն ու «Արցախբանկ»-ի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, «Իտարկո» ընկերության 80 տոկոսի բաժնետեր ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանը երբեմնի գործընկերներ էին: Նրանց հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Դեռ 2002թ.-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի ունեցած, նրա կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը։