Հայաստանն ու Վրաստանը հնարավորություն կստանան նոր իրավիճակն ի շահ իրենց օգտագործելու եւ առանց այն էլ լավ երկկողմ հարաբերությունները խորացնելու: Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Ըստ նրա՝ Վրաստանի նոր իշխանությունների գալով հայ-վրացական հարաբերությունների համար բարենպաստ միջավայր է ձեւավորվել:

«Նոր իշխանությունները հասկացան, թե ինչ կախվածություն ունեն Ադրբեջանի էներգետիկ մենաշնորհից եւ իհարկե փորձեցին հավասարակշռված քաղաքականություն վարել:  Այս տեսանկյունից շահող դուրս եկավ մեր երկիրը»,- նշել է Ալիկ Էրոյանցը:

Ըստ նրա՝ երկկողմ հարաբերություններում կան նաեւ խնդիրներ  Վրաստանի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ԵՏՄ-ին Հայաստանի պոտենցիալ անդամակցության համատեքստում:

«Այնուամենայնիվ, հարաբերությունների ներկա բարձր մակարդակը եւ կառուցողական երկխոսությունը կնպաստեն առկա խնդիրների լուծմանը: Այդ խնդիրները հիմնականում կարող են տնտեսական հարցերի շուրջ լինել: Սակայն կա այդ խոչընդոտները հաղթահարելու փոխադարձ պատրաստակամություն, եւ դա արդեն հուսադրող է», - նշել է փարձագետը՝ հավելելով, որ ԵՄ-ն եւ ԵՏՄ-ն նաեւ հաշվի կառնեն հայ-վրացական հարաբերությունների յուրահատուկ բնույթը:

Հիշեցնենք, Վրաստանը  ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել ս/թ. հունիսի 27-ին, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սպասվում է աշնանը: