Ռուսաստանաբնակ հայ գործարար, արցախցի Լեւոն Հայրապետյանին ազատ չեն արձակում, քանի որ կա քաղաքական եւ տնտեսական պատվեր Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից: Այս մասին NEWS.am-ին ասաց հայ բարերարի մտերիմ Արթուր Սաֆարյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի քաղաքային դատարանի օգոստոսի 15-ին կայացրած որոշումը, որով Հայրապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

«Տնտեսականը Լեւոն Հայրապետյանի ունեցվածքին, բաժնետոմսերին տիրանալու ցանկությունն է, որի հիմնական պատվիրատուն հանդիսանում է «Ռոսնեֆթ» ընկերության գլխավոր տնօրենը: Քաղաքական ենթատեքստն էլ այն, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ավագ Ռախիմովին տեսնել նորից որպես Բաշկիրիայի նախագահ: Փաստաբանն էլ դատարանում այդ մասին հայտարարեց»,- ասաց նա:

Արթուր Սաֆարյանին զարմացնում է, թե ինչու են Հայաստանի իշխանություններն այսքան անտարբեր Լեւոն Հայրապետյանի ճակատագրով. «Շատ տարօրինական է բացարձակ լռությունը: Հովիկ Աբրահամյանի արած հայտարարություններն էլ մյուս կողմից կարող են վնասել Լեւոն Հայրապետյանին, երկրի 3-րդ դեմքի ասած յուրաքանչյուր խոսք կարող է ազդել այս մարդու ճակատագրի վրա: Ոչ մի աջակցություն չկա, օգոստոսի 7-ին նամակ հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, գրասենյակից խոստացան արձագանքել, բայց դեռ ոչ մի բան չկա»:

Անդրադառնալով առողջական վիճակին՝ Արթուր Սաֆարյանը նշեց, որ գործարարի վիճակը գնալով վատանում է:

«Տպավորություն է, որ Լեւոն Հայրապետյանին դիտավորյալ տանում են մահվան, ինչի՞ համար է դա արվում, չես հասկանում, իսկ Հայաստանի իշխանություններն էլ պատրաստ են անտարբեր նայել, թե ինչպես է վիճակն օրեցօր վատանում»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: