Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանման ժամանակ վրացական լրատվամիջոցները առավելապես մեջբերում էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով՝ վրացական լրատվամիջոցները, սկզբնապես շատ պասիվ էին լուսաբանում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի վերջին իրադարձությունները, սակայն հետո սկսեցին ներկայացնել ադրբեջանամետ տեղեկատվություն:

«Վրացական լրատվամիջոցները, ելնելով սեփական շահերից, լուծեցին են լսարանի ապահովման եւ սեփական վարկանիշի բարձրացման հարցերը», - նշեց Էրոյանցը՝ հավելելով, որ ավելի ուշ նրանք նաեւ սկսեցին վկայակոչել նաեւ հայկական լրատվամիջոցներին: Այս համատեքստում փորձագետն ընդգծեց այլ լեզուներով հայկական լրատվամիջոցների տեղեկությունները տարածելու անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով վրաց-ադրբեջանական հարաբերություններին՝ Ալիկ Էրոյանցը կարծիք հայտնեց, որ դրանցում այլեւ նախկին ջերմությունը չի նկատվում:

«Վերջին երկու տարվա ընթացքում վրաց-ադրբեջանական հարաբերություններին բացասական նրբերանգներ են հաղորդվել», - ընդգծեց վրացագետը՝ հիշեցնելով լուրջ սահմանային խնդիրների, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում բնակվող վրացիների խնդիրների մասին: