ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի աուդիտի միացյալ օրենսդիր կոմիտեն հավանություն է տվել թուրք կրոնական եւ հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված դպրոցներում աուդիտի անցկացմանը:
«Asbarez»-ը գրում է, որ աուդիտը կանցկացվի Կալիֆորնիայի «Մագնոլիա» գիտական ակադեմիայում, որի վարույթում են գտնվում հարկատուների կողմից ֆինանսավորվող 12 չարտերային դպրոցներ, որոնք կապ ունեն Գյուլենի հետ:
Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամ Ադրինա Նազարյանի դիմումով անցկացվող աուդիտը կապված է 12 չարտերային դպրոցների կողմից հարկատուների փողերը յուրացնելու մասին լուրջ կասկածների հետ:
«Չարտերային դպրոցները կարեւոր դեր ունեն պետական կրթության համակարգում՝ մեր սովորողներին բարձրորակ կրթություն տրամադրելով: Ես լուրջ մտավախություն ունեմ, որ պետական կրթական հիմնադրամները սխալ են օգտագործվում «Մագնոլիա» ակադեմիայի կողմից: Կարեւոր էր այս հարցումը ներկայացնելը, որպեսզի հարկատուների փողերն աննպատակային չվատնվեն»,– ասել է Նազարյանը:
Նշենք, ողջ ԱՄՆ-ում Գյուլենի անվան հետ կապված դպրոցներում հետաքննություն է սկսվել կասկածելի ֆինանսական պրակտիկայի կապակցությամբ: Արիզոնայում, Լուիզիանայում, Փենսիլվանիայում, Թեքսասում եւ Նյու Ջերսիում Գյուլենի անվան հետ կապված դպրոցներում ՀԴԲ-ն հետաքննություն է վարում 2011 թ.-ից:




























