Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան, խաղաղ բնակչության եւ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենայի վրա կրակելու դեպքերը պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Այս մասին ասված է Իսպանիայի Սենատի բասկ պատգամավոր Այարտզա Ազուրտզայի եւ Կոնգրեսի անդամ Խոն Ինարիտուի կողմից «Արմենպրես»-ին տրամադրված համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները միջազգային իրավունքի խախտումներ են եւ հակասում են հրադադարի ռեժիմի պահպանման Մինսկի խմբի պահանջներին:

«Այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հաջողվել է՝ ստեղծել խաղաղ եւ ժողովրդավարական հասարակություն: Նրանք արժանի են անկախության եւ ազատության: Միջազգային հանրությունը պետք է լինի նրանց կողքին եւ կանգնեցնի Ադրբեջանի պատերազմական նկրտումները: Ադրբեջանի շարունակող ագրեսիան վտանգի տակ է դնում հրադադարի պայմանագիրը, որը ստորագրվել է 20 տարի առաջ: Մենք պահանջում ենք Եվրամիությունից եւ անդամ երկրների կառավարություններից դատապարտել ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք վտանգի տակ են դնում այն կենսական աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը եւ ստիպել Ադրբեջանին դադարեցնել բռնությունները»,- ասված է բասկ պատգամավորների հայտարարության մեջ: