Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ օգոստոսի 8-ին է դիմել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հետ կապված, սակայն այս մասին հրապարակավ չի հայտնել, քանի որ դեռ արդյունքներ չկան: NEWS.am-ի հետ զրույցում ՄԻ պաշտպանն ընդգծեց, որ Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ ինքն իրավական գնահատականներ տալ չի կարող:

«Ռուսաստանի գործընկերոջս մանրամասն ներկայացրել եմ խնդիրը եւ խնդրել եմ իր աջակցությունը: Մենք լիազորություններ չունենք Ռուսաստանում, մեր գործունեությունը սահմանափակվում է միայն Հայաստանով, հետեւաբար մենք կարող ենք միայն գործընկերոջ միջոցով որեւէ օժանդակություն ցուցաբերել: Հասարակությանն այս մասին տեղյակ չենք պահել, որովհետեւ ժամանակատար գորընթաց է, այս պահին որեւէ արդյունք չունենք, ընդամենը մի քանի օր է անցել: Մենք սպսաում ենք արձագանքի, չնայած հեռախոսային կապ կա մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց նա:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, մեծ ցավ է ապրում Լեւոն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի համար, սակայն իրավական գնահատականներ՝ կապված իրավունքների խախտման հետ, տալ չի կարող, քանի դեռ չի ստացել գործընկերների արձագանքը:

Նշենք, որ օգոստոսի 7-ին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԻՊ գրասենյակի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ Հայաստանի արտգործանախարարության առջեւ՝ պահանջելով արձագանքել հայ բարերարի կալանավորմանն ու քայլեր ձեռնարկել՝ նրան օգնելու համար: Հայ բարերարին սատարող խումբը չի հասկանում, թե ինչու առ այսօր ՄԻ պաշտպանը չի արձագանքել իրենց պահանջին:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: