Պահեստազորի գնդապետ, խարդախության համար  6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը օգոստոսի 19-ին առաջին ատյանի դաատարանի որոշումը բողոքարկող հայց կներկայացնի Վերաքննիչ դատարան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա  Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը։

«Մեր դատարաններից որեւէ ակնկալիք ունենալը կարելի է ասել, որ անհույս գործով զբաղվել է նշանակում, համենայնդեպս, ես կարծում եմ, որ եթե մեր դատական համակարգը ունակ չի լինելու Վոլոդյա Ավետիսյանին արդարացնելու,   գոնե համաներման կիրառմամբ պատժի կրումից կազատի»,-ասաց նա՝ նշելով, որ դատարանը, մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով, կարող է 1 տարով նվազեցնել պատժի ժամկետը եւ կիրառել համաներում։

Փաստաբան Զաքարյանի խոսքով՝Վոլոդյա Ավետիսյանի պատիժը աննախադեպ է մեր դատական պրակտիկայում. «Մեր միանշանակ դիրքորոշումն այն է, որ Վոլոդյա Ավետիսյանը հանցանք չի կատարել, բայց չկատարելու պայմաններում շարունակի գտնվել անազատության մեջ ու չկատարած հանցանքի համար կրի պատիժ, դա վերին աստիճանի անմարդկային վերաբերմունք է, եւ ես հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանը այս ամենը հասկանալով պատիժը կնվազեցնի եւ պատժի կրումից կազատի։ Նույնանման իրավիճակներում դատարանները անհամեմատ մեղմ պատիժ են նշանակում նույնիսկ այն անձանց, որոնք պատերազմական գործողությունների չեն մասնակցել եւ իրենց խնամքին չունեն 3 անչափահաս երեխա»։

Արա Զաքարյանը կարծիքով՝ առաջին ատյանի դատարանին հստակ պատվեր էր տրված՝ Վոլոդյա Ավետիսյանին ինչքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ։

«Եթե վերաքննիչը մերժի մեր բողոքը եւ անփոփոխ թողնի պատիժը, դա իրոք, շատ ծանր իրավական հետեւանքներ առաջացնող դատական ակտ է լինելու այն առումով, որ Վճռաբեկ դատարանը բազմաթիվ նախադեպեր ունի նման պատժի հետ կապված հարցերով»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի պատիժն անփոփոխ թողնելու դեպքում ազատամարտիկների եւ հասարակ քաղաքացիների մի մեծ զանգված իրենց բողոքը կարտահայտեն իշխանություններին՝ ցույցերի միջոցով։

Նշենք, որ հուլիս 17-ին դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։