Նախաքննական մարմինը ցանկանում է վերաորակել նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանի մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի փաստաբան Արա Զաքարյանը։
«Հայկ Կյուրեղյանի գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն ինձ տեղեկություններ են հասել, որ նախաքննական մարմինը ցանկանում է Կյուրեղյանի մեղադրանքը վերաորակել 258 հոդվածից 316-ի 2-րդ մաս՝ այսինքն խուլիգանությունից ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը։ Այսինքն՝ ես կարող եմ ասել, որ մեր իշխանության ներկայացուցիչների համար ոչ մի օրենքի գերակայություն չունի, եթե դա տեղի ունենա, կխոսի միայն մի բանի մասին, որ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Կյուրեղյանի վրա դնի հնարավորինս ծանր հոդված, առանց հաշվի առնելու, թե արդյոք օբյեկտիվորեն կատարվածը կարող է այդ հատկանիշներն իր մեջ պարունակի»,-ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ խուլիգանության համար նախատեսված 4-7 տարի պատիժ, իսկ ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում նախատեսող պատիժ, այսինքն՝ ավելի ծանր մեղադրանք է առաջադրվելու իր պաշտպանյալին։
«Երկրորդ հոդվածի մասին խոսելն անգամ անիմաստ է, որովհետեւ այնտեղ օբյեկտիվ կողմը բոլորովին ուրիշ կերպ է դրսեւորվում։ Սրա նպատակն այն է, որ ցանկացած անձ, որը ընդդիմադիր հայացքներ ունի, անպայման դատվի եւ հնարավորինս խիստ պատիժ ստանա։ Նույն կերպ վարվեցին Վոլոդյա Ավետիսյանի հետ եւ նույն կերպ կվարվեն նաեւ Հայկ Կյուրեղյանի հետ։ Ընդ որում Հայկ Կյուրեղյանին գրեթե ոչ մեկ չի ճանաչում, եւ իշխանությունը մտածում է՝ ինչքան խիստ վարվի, այնքան դա դաս կլինի մյուսների համար» ,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:





























