Վլադիկավկազի մզկիթի իմամ եւ Հյուսիսային Օսիայի մուֆթիի տեղակալ Ռասուլ Համզատովին օգոստոսի 17-ի գիշերը գնդակահարել էր իր տան մոտ:

Հանցագործները երկուսն են եղել, սակայն նրանց արտաքինը նկարագրել ականատեսները չեն կարողացել: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի հանրապետության ՆԳ նախարար Արթուր Ահմետխանովին: Հանցագործության վայրում պարկուճներ են հայտնաբերվել:

Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածով, 105-ի 1-ին մաս (սպանություն) եւ 222 հոդված (ապօրինի զենք եւ զինամթերք պահելը):

«Հոգեւոր անձի սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը»,- հայտարարել է Հյուսիսային Օսիայի ՆԳՆ ղեկավարը:

Հետաքննությունը դեռեւս չի հաջողվել գտնել սպանողների եւ հանցագործության պատվիրատուների հետքը: Իրավապահ մարմինները դիտարկում են մուֆթիի տեղակալի սպանության հետ կապված բոլոր վարկածները:

Հավելենք, որ քաղաքային մզկիթի իմամի պաշտոնում Համզատովի նախորդը՝ Իբրահիմ Դուդարովը, 2012 թվականի դեկտեմբերին նույնպես փողոցում գնդակահարվել էր: Սպանությունը մինչեւ հիմա չի բացահայտվել: