Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում օգոստոսի 16-17-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես, Կոտայքի մարզի «Արզնի» առողջարանի մոտակայքում գտնվող անտառում այրվել է 1 հա բուսածածկույթ, 40 ծառ ամբողջությամբ, 100-ը՝ մասամբ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում` 1500 ք.մ., Չարենցավանի քաղաքային զբոսայգու տարածքում` 500 ք.մ., Աղվերան հանգստյան գոտու «Անուշ» հանգստյան տանը հարակից Չոր սարի գագաթի անտառային տարածքում` 5000 ք.մ. անտառային հատված, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ Արգամ լճի մոտակայքում, 2 հա հնձած ցորենի արտ եւ 9 ծառ՝ մասամբ, Սարավան գյուղում` շուրջ 24 հա խոտածածկ տարածք եւ 50 դեկորատիվ ծառ, Հերհեր գյուղում` շուրջ 3 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում` 1 հա, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` 4 հա, Առճիս գյուղում` 10 հա խոտածածկ տարածք:
Բացի այդ, հրդեհներ են արձանագրվել նաեւ մայրաքաղաք Երեւանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում` Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) բակում այրվել է շուրջ 5000 ք.մ., Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մոտակայքում` 5000 ք.մ. խոտածածկ տարածք, Շաթվան-Նորակերտ ավտոճանապարհի 5 կմ-ում` 8 հա ցորենի արտ:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացրել եւ մարել բոլոր հրդեհները:





























