Դիզայներ ու ծրագրավորող Իտան Ցուկերմանը ներողություն է խնդրել համացանցի օգտատերերից, որ 1990-ական թվականների կեսերին ստեղծել է «Pop-up» առաջին բացվող գովազդային պատուհանները:

«Ես ներողություն եմ խնդրում: Մենք բարի մտադրություններ ունեինք»,- նշված է «Համացանցի առաջնածին մեղքը» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «The Atlantic» պարբերականում:

Նման «մեղք» ծրագրավորողը համարում է ցանցում առկա գովազդային բիզնեսը:  «Newsru.com»-ը, վկայակոչելով «Xakep» ամսագրին, գրում է, որ 20 տարի առաջ Ցուկերմանն աշխատում էր «Tripod» ընկերությունում, որն առաջինն էր նպատակային գովազդի բիզնեսում: Այս գործունեության արդյունքում էլ ստեղծվել են բացվող գովազգային պատուհանները:

Ցուկերմանը կարծում է, որ համացանցը կարող եւ պետք է վերադառնա առանց գովազդային «առաջնային տեսքին»՝ հրաժարվելով գոյություն ունեցող մոդելից, որը սպառել է իրեն: Որպեսզի սա տեղի ունենա, ընկերությունները պետք է անցնեն վճարովի բաժանորդագրության ու միկրովճարումների, իսկ օգտատերերի շրջանում պետք է խրախուսել սա՝ վճարելով դրամով, այլ ոչ թե սեփական ուշադրությամբ: