Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանին արդեն երկու ամիս է թույլ չեն տալիս տեսակցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը։
«Կալանավորման առաջին օրից չեն թույլատրում տեսակցենք Հայկին՝ պատճառաբանելով, որ մեր այցելությամբ կխոչընդոտենք գործի քննությանը: Բայց իմ կարծիքով՝ դա կամայականություն է, ուղղակի իրենք են այդպես ուզել»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայկ Կյուրեղյանի մեղադրանքի հնարավոր խստացմանը ՝ Արեգ Կյուրեղյանն ասաց. «Նոր եմ այդ մասին լսում, բայց զարմանալի չէ, որովհետեւ հանցագործ կառավարություն ունենք ու կաշառակեր դատարան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նախաքննական մարմինը ցանկանում է Կյուրեղյանի մեղադրանքը վերաորակել 258 հոդվածից 316-ի 2-րդ մաս՝ այսինքն խուլիգանությունից ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:





























