Արցախի Քաշաթաղի շրջանում` Վաղազին գյուղի մոտ հուլիսի 22-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը շարունակում է գաղտնի պահել, թե ինչու էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնել: NEWS.am-ի հետ զրույցում քաղաքապետն ընդգծեց, որ «փողոցային խոսակցությունների» ինքը չի արձագանքում՝ մեկնաբանելով որսի մասին տեղեկությունները:
«Ես այդ մասին խոսել չեմ ցանկանում, ձեր փողոցային խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Ես լավ եմ, շարունակում եմ բուժումս ու բյուլետենի մեջ եմ: Ցտեսություն»,- ասաց Ռուբեն Խլղաթյանն ու անջատեց հեռախոսը:
Նշենք, որ ըստ արմավիրցիների՝ Արմավիրի քաղաքապետը շատ հաճախ է որսի գնում, եւ դեպքի օրն էլ ընկերների հետ Արցախ հենց այդ նպատակով էր մեկնել:
Հիշեցնենք, որ դեպքը ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից Արմավիրի քաղաքապետի վարորդ Արամ Խլղաթյանը տեղում մահացել էր, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:





























