Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի կարգավորման միջազգային ջանքերը անօգուտ են, քանի դեռ Կիեւը չի հրաժարվի ուժի կիրառումից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախարարը նման հայտարարություն է արել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից հետո:
«Քանի դեռ Կիեւի իշխանությունը կարծում է, որ երկրում իր դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ են սեփական ժողովրդի նկատմամբ ռազմական հաղթանակներ, ես չեմ կարծում, որ մեր այժմյան ջանքերը ինչ-որ արդյունք կտան», - հայտարարել է Լավրովը:
Այդուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինում Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպման մասնակիցները մտադիր են շարունակել համաձայնության ձեռքբերմանն ուղղված բանակցությունները:
«Մոտ օրերս մենք կշարունակենք մեր բանակցությունները, բոլորի կողմից ընդունելի ձեւակերպումների շուրջ, եւ արդյունքների մասին կզեկուցենք մեր պետությունների ղեկավարներին: Այնուհետեւ պարզ կդառնա՝ ի՞նչ ձեւաչափով կշարունակվեն Ուկրաինայում տիրող ողբերգության դադարեցմանն ուղղված ջանքերը», - ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























