Հայ-ադրբեջանական սահմանին հանգստյան օրերին հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սահմանին լարվածությունը թուլացել է, համեմատաբար հանգիստ է. ոչ գյուղերի, ոչ էլ դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, դիվերսիոն գործողություններ նույնպես չկան»,- ասաց նա:

Նշենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը փաստել են, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: Արդեն հաջորդ օրվանից սահմանին լարվածությունը սկսեց թուլանալ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: