Ուկրաինան հինգ տարվա ընթացքում կարող է իրականացնել ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումները եւ ամբողջությամբ պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, հայտնել է Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը` Պալանգայում, որտեղ կոնֆերանս է նախատեսված ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» թեմայով:

Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: «Դա հուսալի երաշխիք կլինի Ռուսաստանի ագրեսիվ նկրտումներից խուսափելու համար», - հայտարարել է Տուրչինովը` BNS լրատվական գործակալության հետ հարցազրույցում, փոխանցում է «Ռոսբալտը»:

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ իշխանությունը հասկանում է այդ ձգտումը «մեկ օրում իրականացնելու անհնարինությունը»:

«Մենք մեր առջեւ եվրաինտեգրման հնգամյա ծրագիր ենք դնում», - Տուրչինովի խոսքերն է մեջբերում խորհրդարանի մամուլի ծառայությունը: