Հայաստանից Ռուսաստան  խոշոր արտահանման համար բավական չէ այստեղ  պարկով  խնձոր, այնտեղ արկղով դեղձ ունենալը: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողներին ասել է տնտեսագետ, նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ շուկայում, առաջին հերթին՝ Ռուսաստանում, Հայաստանը պետք է մրցակցի ագրոարդյունաբերական խոշոր երկրների հետ, այդ թվում՝ Թուրքիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների: Նշանակում է՝ գյուղացիական տնտեսությունների խոշորացման հարցը կրկին առաջ է գալիս: Այդկերպ կարելի է իջեցնել արտադրության ինքնարժեքը, ինչը կմեծացնի տեղի պտուղ-բանջարեղենային արդյունաբերության մրցունակությունը:

Բոստանջյանը չի համաձայնել այն մտքին, թե Ռուսաստանը պատրաստ չէ ավելի շատ  հայկական ապրանքներ գնելու: «Լավ հնարավորություն է բացվում պատժամիջոցներից ազատ երկրների համար: Լատինական Ամերիկան մեծապես ուրախացել է, որ իր միսը, բանջարեղենը եւ մրգերը կգնան ռուսական շուկա` Մոսկվայի պատասխան պատժամիջոցների պատճառով:  Լավ հնարավորոթյուն է նաեւ Հայաստանի համար, եւ պետք է օգտվել դրանից: Սակայն եթե վաղը Ռուսաստանում մեզ հարցնեն, թե որքան միրգ կամ պահածո կարող ենք արտահանել, եւ մենք պատասխանենք, որ 1 պարկ կամ տասնյակ բանկա, բնականաբար փոխաբերական իմաստով, ապա ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի:   Խնդիրն այն է, որ մեր գյուղատնտեսների 340 հազար ընտանիքների մեծամասնությունը դեռ ապրում է իր արտադրանքով եւ վաճառում միայն ավելցուկը: Մեզ մոտ բերքը մեծամասամբ դեռ ապրանք չէ», - հավելել է Բոստանջյանը: