Հանցավորության հանդեպ առողջ վախը օգտակար է: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի քրեագետները:

Հետազոտող Քրիս Մելդեն կոչ է անում պայքարել ոչ թե վախի, այլ`քրեականության դեմ: Նա առաջարկում է մարդկանց ապահովել տեղեկությամբ, թե  ինչ հանգամանքներում եւ որտեղ են ավելի հաճախ հանցագործություններ կատարվում: Նման տեղեկացվածությունը կբարձրացնի անվտանգության մակարդակը, փոխանցում է Meddaily-ն` վկայակոչելով Medical News Today-ը:

Ուսումնասիրությունում մասնակցել է ավելի քան 1600 երիտասարդ: Գիտնականները հայտնաբերել են, որ պատասխանողները, որոնք ավելի են վախեցել հանցավորությունից, ավելի քիչ են մասնակցել հարձակումների, կողոպուտի եւ խմբակային կռիվների: Նրանք հազվադեպ են դարձել ինչպես տուժածներ, այնպես էլ` իրավախախտներ:

Գիտնականների եզրակացությունները վերաբերում են միայն այն իրավիճակներին, որոնք մարդը կարող է փոխել, սակայն ոչ նրանց, որոնց դեպքում դառնում է ուրիշների ծաղրանքի զոհ, ինչպես որ ընտանեկան բռնության դեպքում: Հետազոտողները նախազգուշացնում են, որ երբ վախը ֆոբիա է դառնում, անհրաժեշտ է մասնագետների միջամտությունը: