Պետերբուրգում վեցերորդ Ռեստորանային օրը, որն անցկացվել է օգոստոսի 17-ին, մասնակցող սննդի վաճառակետերի թվի ռեկորդ է սահմանել: Քաղաքում շուրջ 250 մեկօրյա հրապարակներ են գործել: Սակայն դրանց հստակ թիվը հնարավոր չի եղել հաշվել՝ մասնակիցների գրանցման համակարգի ոչ կատարյալ լինելու պատճառով: Այս մասին գրում է «Ռոսբալտը»` վկայակոչելով փառատոնի կազմակերպիչներին:
«Նախորդ Ռեստորանային օրվա ընթացքում, որը կայացավ մայիսին, բացվել էր շուրջ 220 վաճառակետ: Այս անգամ մասնակիցների թիվն ավելացել է: Օրվա համար այնպիսի արտասովոր վայրեր էին ընտրվել, ինչպիսին է, օրինակ, Սուրբ Պետրոսի եւ Պողոսի լյութերական եկեղեցու բակը: Մասնակիցներն ամեն անգամ ավելի մասնագիտորեն են պատրաստվում միջոցառմանը, կահավորում, ֆիրմային գոգնոցներ կարում»,- պատմել է Պետերբուրգում Ռեստորանային օրվա կազմակերպիչներից Օլգա Պոլյակովան:
Հաջորդ Ռեստորանային օրը կայանալու է նոյեմբերի 15-ին: Ռեստորանի օրը սննդի միջազգային փառատոն է, որի ժամանակ յուրաքանչյուրը կարող է իր մեկօրյա ռեստորանը բացել բնակարանում, այգում կամ պարզապես փողոցում: Ռեստրոնային օրը ստեղծվել է Հելսինկիում, սակայն մեկօրյա տոնն այժմ անցկացվում է տարբեր երկրներում ու քաղաքներում:





























