Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ այս տարի ոչ մի ուսանող վարձը չվճարելու պատճառով դուրս չի մնա բուհից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, «Բազե-2014»-ի բացման ժամանակ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
«Ես խոստանում եմ, որ որեւէ ուսանող վարձի պատճառով դուրս չի մնա: Եթե նման բան լինի, նամակ գրեք իմ անունով, էդ հարցը ես կլուծեմ: Եթե Աշոտյանի ռեսուրսները սպառվեն, որն անսպառ է, ես կլուծեմ»,- ասաց վարչապետը։
Բազեականներից մեկի հարցին՝ սահմանամերձ գյուղերի ուսանողների վարձավճարները զեղչվելու են մասամբ, թե՞ ամբողջությամբ, վարչապետը պատասխանեց. «Ինչքա՞ն տոկոս եք ուզում: Բերեք Աշոտյանի վրա էսօր դնենք, Աշոտյանին պարտադրենք»։
Երիտասարդներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչո՞ւ բանակից զորացրված ուսանողները արտոնություններ չունեն եւ մյուսների նման վճարովի համակարգում են սովորում: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Կմոտենաս Աշոտյանին, այդ հարցը կլուծի, եթե չլուծի, ես կլուծեմ»։



























