Դոնբասում ռուսամետ ակտիվիստները ռուսական արտադրության զենք են կիրառում, մասնավորապես այնպիսի զենքեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով։ Այս մասին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Կաբանենկոն, հայտնում է ՈՒՆՆ-ն։
Ըստ նրա՝ մասնավորապես կիրառվում են սպառազինության նորագույն համակարգեր, այդ թվում ԲՄՊ 82-ներ, արդիականացված տանկային զենք, հրաձգային սպառազինություն, հակաօդային պաշտպանության համակարգեր։
«Այս զենքը Ռուսաստանի Դաշնության արտադրանքն է։ Այն հնարավոր չէ գնել խանութից կամ շուկայից։ Սա Ուկրաինայի հանդեպ տարվող պետական քաղաքականություն է», - ասելէ ՊՆ ներկայացուցիչը։
Կաբանենկոն ենթադրել է, որ զրահատանկային տեխնիկան օգտագործվում է նաեւ ուկրաինական տարածքում փորձարկելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ականազերծողները Դոնբասում միջազգային օրենսդրությամբ արգելված ռումբեր են հայտնաբերել։





























