ԱՄՆ-ի ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) մինչեւ օգոստոսի 25-ը երկարացրել է  Ֆերգյուսոնի վրայով 900մ-ից ցածր բարձրության վրա թռիչքների արգելքի ժամկետը՝ քաղաքում աշխատող իրավապահների համար «ապահով միջավայր» ստեղծելու համար։

Նախորդ շաբաթ FAA-ն Սենտ Լուիս քաղաքի ոստիկանությունից դիմում էր ստացել Ֆերգյուսոնի տարածքով թռիչքները սահմանափակելու մասին, երբ բողոքողները կրակ էին բացել ոստիկանական ուղղաթիռի ուղղությամբ։

Արգելքն արդեն քննադատության ալիք է բարձրացրել։ Կարծում են, որ նման միջոցառումները տարբեր հեռուստա-ռադիոընկերություններին հնարավորություն չեն տալիս լիարժեք լուսաբանել ցուցարարեների եւ ոստիկանների գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ֆերգյուսոնում ոստիկանությունն արդեն փորձել էր սահմանափակել մամուլի աշխատանքը։

Օգոստոսի 19-ին ոստիկանությունը ազատել է Սքոթ Օլսոնին՝ աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի՝ Getty Images-ի լուսանկարչին, ով լուսաբանում էր քաղաքում ոստիկանների կողմից 18-ամյա պատանու սպանությունից հետո ստեղծված իրավիճակը եւ ձերբակալվել էր այդ ընթացքում։

Պատանու սպանությունից հետո քաղաքում խռովությունները չեն հանդարտվում։ Մի քանի բնակիչներ տուժել են ոստիակնության հետ բախումներից, որոնք արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշներ էին կիրառել ամբոխը ցրելու համար։