Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց  է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլերին շնորհակալություն է հայտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ Նա նաեւ բարձր է գնահատել միջազգային երկխոսության հաստատման հարցում գերմանական կառավարության աջակցությունը, մասնավորապես՝ օգոստոսի 17-ին Գերմանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման կազմակերպումը՝ Դոնբասի իրավիճակի խաղաղ  կարգավորումը քննարկելու նպատակով։  Զրուցակիցները համաձայնել են, որ կարգավորման ուղիներ որոնելու հաջորդ քայլը պետք է բարձր մակարդակով հանդիպումը դառնա», - նշված է հաղորդագրությունում։ Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵՄ-ի մասնակցությամբ Դոնբասի իրավիճակի կարգավորման ուղիների որոնման հետագա բանակցությունների շարունակման հնարավորությունը։

Օգոստոսի 16-ին էլ Պորոշենկոն Անգելա Մերկելին առաջարկել էր հաջորդ շաբաթ այցելել Ուկրաինա։