Սոչիի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության վրա ոչ մի երկարաժամկետ ազդեցություն չի ունենա, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց Հյուսիսային Դակոտայի պետական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Թոմաս Ամբրոզիոն՝ մեկնաբանելով օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Ըստ նրա՝ հրադադարի ռեժիմը ինչպես որ խախտվում էր, այնպես էլ կշարրունակի խախտվել՝ դատելով նրանից, որ բարձր մակարդակով նախորդ հանդիպումները Մինսկի գործընթացի ամենասկզբից՝ 20 տարի առաջվանից, ոչ մի արդյունք չեն տվել, այդ թվում՝ վերոնշյալ ձեւաչափով եռակողմ հանդիպումները:
Իսկ արդյունք չկա, քանի որ երկու կողմն էլ հակամարտությունը վերջնականապես չկարգավորելու պատճառներ ունեն, հավելել է քաղաքագետը: «Ստատուս քվոն երկու կողմերի համար էլ լավագույն այլընտրանքն է: Հայաստանի համար երկրորդ այլընտրանքը այն վտանգն է, որ տարածքը կանցնի նավթով եւ դոլարով ամրացած Ադրբեջանի ուժերին: Իսկ Ադրբեջանի համար այն վտանգն է, որ Ռուսաստանը վճռորոշ միջամտություն կկատարի իր դաշնակցի՝ Հայաստանի օգտին՝ ի վնաս Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի դաշնակցի», - նշել է Ամբրոզիոն:
Այդ պատճառով էլ երկու կողմերը, ըստ նրա, կշարունակեն հանդիպել եւ վստահեցնել, որ աջակցում են գործընթացին, իսկ արտաքին խաղացողները նույն կայունությամբ կվստահեցնեն լուծումներ որոնելիս աջակցության մասին: «Սակայն ամենայն հավանականությամբ, լուրջ փոփոխություններ չեն լինի, եթե ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը պատրաստ չլինեն ծախսել զգալի քաղաքական եւ դիվանագիտական կապիտալ՝ մի կողմից մյուսին զիջել պահանջելու համար», - նշել է փորձագետը:




























