Պետք չէ կարծել, թե քաղաքական կուսակցությունը կարող է մեկնաբանել արտասահմանցի այս կամ այն դիվանագետի ամեն մի խոսքը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
«Չեմ կարծում, որ մենք առանց բացառության պետք է արձագանքենք բոլոր հայտարարություններին: Ինչ վերաբերում է մեր սեփական օրակարգին, կասկադի մասնավորեցման հարցը իհարկե ուշադրության կենտրոնում է, պարզապես քառյակի պահանջներում առանձին կետով այն չենք ներառել», - նշել է Մելքումյանը:
«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը: Գործարքի արժեքը 180 մլն դոլար է:
Դեսպան Հեֆերնը բազմիցս հայտարարել է, որ գործարքի հաջող ավարտը ձեռնտու է նաեւ հայկական կողմին, քանի որ այդ դեպքում այն կապացուցի իր ներդրումային գոտու բարձր մակարդակը:
Ոչ իշխանական խորհրդարանական քառյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) հունիսի սկզբին իշխանությանը 12 պահանջ էր ներկայացրել՝ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների վերաբերյալ՝ դրանց կատարման վերջին ժամկետ նշելով սեպտեմբերի 30-ը:





























