Հայաստանում առաջին քայլերն են ձեռնարկում աֆրիկյան լոքո բուծելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Նրա խոսքով՝ հանրապետության ձկնաբույծներից մեկն այս տարի Հայաստան այդ ձկնատեսակից ներկրելու առաջին փորձը կատարեց: «Դեռ չգիտեմ, ստացվեց, թե՝ ոչ, սակայն հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա»,- հայտարարեց Աթոյանը:
Նկատենք, որ աֆրիկյան լոքոն արդեն մեծ ծավալներով բուծում են Ասիայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներում: Դրա առավելություններն են արագ աճը, կերի եւ մաքուր ջրի հանդեպ ոչ պահանջկոտ լինելը, ինչպես նաեւ համային բարձր որակները: Աֆրիկյան լոքոն պահանջկոտ է միայն ջրի ջերմաստիճանի հանդեպ (+20-ից ոչ պակաս), ինչը Հայաստանի պայմաններում տարվա ցուրտ ամիսներին ջուրը տաքացնելու հետ կապված խնդիրներ է առաջացնում:





























