Այսօր ՀԱԿ-ի ներկայցուցիչները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այցելեցին Վանաձոր, հանդիպելու այդ քաղաքի իրենց համակիրների հետ, ինչպես նաեւ Վանաձորի ՀՀՇ կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանի ընտանիքին: Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանն գտնվում է բանտում:
Վանաձորի ՀՀՇ գրասենյակի դիմաց քաղաքացիները շրջապատեցին Լ. Տեր-Պետրոսյանին եւ բազմաթիվ հարցեր ուղղեցին նրան, որոնց մեծ մասը կրում էր սոցիալական բնույթ: «Քաղաքում տիրում է բեսպրեդել: Ամբողջ Հայաստանում է այդպես: Մեր լավագույն տեսակը այսօր նստած է բանտում»,- Տեր-Պետրոսյանին դիմելով ասաց մի վանաձորցի, հայտարարելով, որ եթե Վանաձորի քաղաքապետն իրեն բնակարանով չապահովի, ինքը կդիմի ծայրահեղ քայլերի:
Մի կին էլ, հիշելով հետընտրական հանրահավաքները, ասաց. «9 օր Ազատության հրապարակում նստած ենք եղել կրակի կողքին եւ էլի պատրաստ ենք նստելու: Մեր միակ խնդրանքն այն է, որ չնվազնեք պայքարը: Սարով կգանք, չոլով կգանք, բայց չդադարեցնեք պայքարը»: Այս խոսքերից հետո, Տեր-Պտերոսյանը գրկեց կնոջն ու շնորհակալություն հայտնեց նման կեցվածքի համար:
Հավաքվածներից մեկի դիտարկմանը, թե հանրահավաքների օրերին ճանապարհները փակում են, որ Երեւան չհասնեն, ՀՀ առաջին նախագահն արձագանքեց. «Ինչքան կարող են` թող շատ փակեն, դա ցույց է տալիս իրենց թուլությունը, իրենց այլանդակությունը, որն ամեն օր ապացուցում են մեր ժողովրդին: Դրանից ավելի լավ նվեր մեզ չեն կարող անել: Թող մեր ժողովուրդը տեսնի, թե ինչ իշխանություննների հետ գործ ունի, թող տեսնի, որ այս իշխանությունները վախենում են իրենց ժողովրդից, վախենում են, որովհետեւ գող, ավազակ իշխանություններ են: Գողն է վախենում, ավազակն է վախենում, սրիկան է վախենում: Ազնիվ մարդը վախենալու պատճառ չունի:
Վախենում են հանրահավաքներից: Ասում են Կոնգրեսի ակտիվությունը մարում է, հանրահավաքները նվազում են: Եթե նվազում են, էլ ինչի՞ եք փակում ճանապարհները, էլ ինչից եք վախենում: Բաց թողեք, թող բոլորը տեսնեն, որ իսկապես, նվազում է: Ստի կեղծիքի, հիմարության վրա կառուցված պետությունը ո՞ւր կարող է հասնել»:
Այնուհետեւ խոսելով ներկա իշխանությունների որակի մասին, Լ. Տեր-Պետրոսյանն ասաց. «Տականքը, սրիկան չի կարող իր տականքությունը մինչեւ վերջ չանել: Ժողովուրդը պիտի կանգնի, ընդ որում, ես չեմ ասում պարտադիր հանրահավաք անի, փողոց դուրս գա եւ այլն: Պետք է հասնենք այն բանին, որ այս իշխանությունները լրիվ օտարանան ժողովրդից: Եւ այդպես էլ լինելու է:
Ոչ միայն իրենց հակառակորդներին եւ այլախոհներին, այլեւ սովորական ազնիվ մարդկանց չեն թողնում որ հանգիստ ապրեն այս երկրում: Մարդը, որ ուզում է իր հողը մշակել, երեխաներին դպրոց ուղարկել, ամեն քայլափոխի նրա առջեւ խոչընդոտներ են հարուցում: Գյուղացին արտադրում է իր ապրանքը չի կարողանում վաճառել, որովհետեւ միջնորդները գյուղացու քրտինքի հաշվին հարստանում են: Փակում են Վրաստանի ճանապարհները, որպեսզի գյուղացին իր մթերքը չկարողանա տանել Վրաստան կամ Ռուսաստան: Նրանք ոչ միայն իրենց հակառակորդներին են վանում, այլ ամբողջ ազգին ու ժողովրդին, բայց սա երկար չի տեւելու, որովհետեւ իշխանությունը, որը որեւէ հենարան չունի ժողովրդի մեջ եւ միակ հենարանը ոստիկաններն ու զինվորականներն են, օլիգարխ կոչվածների խարդախներն են, երկար չի տեւելու»:




























