Ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերությունը մայիսի 14-ից արտոնյալ երթեւեկության պայմաններ է ստեղծել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների համար:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, 2013 թվականի մարտից «Արմավիա» ավիաընկերության թռիչքները դադարեցնելու հետ կապված՝ քաղաքացիների առանձին խմբերին զեղչով կամ անվճար ավիատոմս տրամադրելու գործընթացում առաջացել էին խնդիրներ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը այդ խնդրի շուրջ բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության տարածքից եւ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների հետ: Հայաստանի Հանրապետության իրավասու այլ գերատեսչությունների հետ համատեղ պատրաստվել են բոլոր համապատասխան իրավական հիմքերը: Ռուսական «Սիբիր» ավիաընկերությունն էլ մատուցում է համապատասխան ծառայություններ, ինչով հնարավորություն է ստեղծվել սոցիալապես ուշադրություն պահանջող Հայաստանի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիներին ապահովել օդանավով տեղափոխվելու իրավունքի իրականացումը: