Երեկ Ճարտարագիտական համալսարանում անցկացված մաթեմատիկայի քննության ընթացքը շատ խաղաղ է եղել մինչեւ այն պահը, երբ քննություն հանձնող երեխաներից մեկը լրացումներ կատարելու համար խնդրել է իրենից չվերցնել քննաթերթիկը։ Այս մասին հունիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար, ավարտական եւ ընդունելության քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը՝ խոսելով երեկ մաթեմատիկայի քննության ընթացքում դիմորդների ծնողների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։

Մանուկ Մկրտչյանի խոսքով, «երեկ մեծ բան չի կատարվել, ընդհանրապես ոչինչ չի կատարվել» եւ իմաստ չունի կատարվածում արտառոց որեւէ բան փնտրել։ «Երեխան խնդրել է թույլ տալ գրավորի մեջ ինչ-որ բաներ ավելացնել։ Թույլ են տվել, թե ոչ՝ կարեւոր չէ։ Սակայն  տեսնելով, որ դիմորդն ուզում է շահարկել, ձեռքից վերցրել են նրա գրավորը»,- պատմեց ԿԳ փոխնախարարը՝  հավելելով, որ քննասենյակից դուրս գալուց հետո երեխան բողոքել է իր ծնողներին, որոնք էլ ավելի ուշ քննասենյակում կոնֆլիկտ են սարքել։ «Բայց իրավիճակը շտկվել է, բան չի պատահել»,- հավաստեց Մկրտչյանը։

Անդրադառնալով քննաժամերի «հերիքել-չհերիքելու» խնդրին՝ ԿԳՆ փոխնախարարը հայտարարեց, որ մասնագետների գահատականներով, քննությունների համար նախատեսված երեք ժամը լիովին բավարար է երեխաներին։ «Մասնագետները գտնում են, որ չորրորդ ժամը դիմորդների համար ծառայում է այստեղից-այնտեղից որեւէ բան կորզելու, ոչ թե ինքնուրույն աշխատելու համար, այսինքն՝ դառնում է անկառավարելի։ Հետեւաբար քննությունների համար որոշվել է օպտիմալ ժամանակ սահմանել երեք ժամը»,- ամփոփեց նա։