Հուլիսի 26-ին Նյու Յորքի «16 Բիվեր» նախագծի շրջանակներում կազմակերպվել էր «Մարդու իրավունքները Հայաստանում եւ Սփյուռքը» թեմայով քննարկում: Քննարկման կազմակերպիչների նպատակն էր Միացյալ Նահանգներում բնակվող հայկական շրջանակներին ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների խնդիրները:

Քննարկման կազմակերպիչ «Հույս» ՀԿ նախագահ Կարեն Հակոբյանը խոսել է իրավապահ համակարգի կողմից իրականացվող խոշտանգումների եւ սպանության դեպքերի մասին: Փորձագետի համոզմամբ նմանօրինակ դեպքերի կանխարգելումն անհնարին է դառնում մասնավորապես այն պատճառով, որ զինված ուժերում իրական հանցագործություն կատարողները հիմնականում անպատիժ են մնում:

«Սկսելա» եւ «Հիմա» երիտասարդական շարժումների անդամ Արսեն Խառատյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում տեղ գտած համատարած խախտումները: Իր խոսքում նա անդրադարձավ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված ընտրակեղծիքների եւ բռնությունների փաստերին: Խոսելով 2008թ. նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների մասին՝ Խառատյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում լրագրողների վրա հարձակումների, քաղբանտարկյալների եւ նրանց դատավարությունների, ինչպես նաեւ համատարած բնույթ կրող ձեռբակալությունների մասին: Բանախոսի խոսքերով՝ երկրում իշխող վախի մթնոլորտը արդյունք է իշխանությունների կողմից խրախուսվող անպատժելիության մթնոլորտի:

Քննարկման ընթացքում ներկայացվել են տարբեր լրատվամիջոցների, Հայաստանյան եւ միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցներում արտացոլված փաստեր, ինչպես նաեւ ցուցադրվել են տեսանյութեր:

Քննարկման մասնակիցները որոշել են նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական, այս կերպ ԱՄՆ տարբեր քաղաքներում բնակվող սփյուռքահայ շրջանակներին մասնակից դարձնելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների լուծմանը: