Այսօր, հունիսի 16-ին կավարտվի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրը: Վերջինը խաղադաշտ դուրս կգան Իպանիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 19-ին:
Շվեյցարացիները շեշտը դնում են զգուշավոր ու հաշվենկատ խաղի վրա: Գերմանացի մարզիչ Օտմար Հիցֆելդի թիմը խաղում է պաշտպանությունից եւ առավել կարեւորում է խաղային կարգապահությունը: Այնպես որ փչացնել իսպանացիների գեղեցիկ խաղը նրանք ի վիճակի են:
Ինչ վերաբերում է Իսպանիայի հավաքականին, ապա այն աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդն է: Իսպանացիները գրեթե ամբողջությամբ պահպանել են Եվրո-2008-ի չեմպիոնական կազմը: Բացառություն են «Վիլյառեալի» հենակետային կիսապաշտպան Սեննան եւ գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը, որին փոխարինել է «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն: Նրա գլխավորությամբ անցկացրած 26 հանդիպումներում իսպանացիները 25 հաղթանակ են տարել: Միակ սենսացիան մատուցեցին ամերիկացիները, որոնք անցած տարի, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթեցին Եվրոպայի չեպիոններին:
Եվրո-2008-ի համեմատ Իսպանիան ավելի է ուժեղացել: Թիմը խուսափեց լուրջ վանսվածքներից: Ֆաբրեգասը, Ինյեստան եւ Ֆերնանդո Տորեսն արդեն շարքում են, իսկ Չավին, Դավիդ Սիլվան ու Դավիդ Վիլյան գերազանց մարզավիճակում են: Դարպասում անփոխարինելի Իկեր Կասիլյասն է:



























