ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 16-ին տեղի ունեցավ   «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփում։ Մրցութային ֆոնդը  այս տարի կազմել է 9 միլիոն 250 հազար դրամ, որը բաշխվել է 5 անվանակարգերի միջեւ։

«Եթե անցյալ տարի մրցույթին մանակցեցին 25-30 մասնակիցներ, ապա այս տարի դրանք թիվը հասնում է 40-ի»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այս տարի ներկայացված աշխատանքները  շատ բարձր մակարդակի էին։

«Հասարակական գիտություններ» անվանակարգում առաջին տեղը կիսեցին Վահան Բայբուրդյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ) և Տիգրան Թորոսյանը (ՀՀ ԱԺ պատգամավոր): Երկրորդ տեղը զբաղեցրեց Սեդա Գասպարյանը (ԵՊՀ):

«Հայագիտություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Արսեն Բոբոխյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ): Երկրորդ տեղը զբաղեցրեց Մերուժան Հարությունյանը (ԵՊՀ):

«Բնական գիտություններ» անվանակարգում առաջին տեղը կիսեցին Շիրազ Մարգարյանը և Արմեն Թռչունյանը (ԵՊՀ)` համահեղինակների հետ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վիգեն Թոփուզյանը (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ)՝ համահեղինակների հետ:

«Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Դավիթ Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), իսկ երկրորդ տեղը` Մարտին Գրիգորյանը (ԵՊՀ)՝ համահեղինակի հետ։

«Ինֆորմատիկա եւ տեխնիկական գիտություններ» անվանակարգում առաջին տեղը կիսեցին Ժոզե‎ֆ Փանոսյանը (ՀՊՃՀ)` եւ Վոլոդյա Երիցյանը՝ համահեղինակների հետ: Առաջինը ԱՄՆ-ում արտոնագիր ստանալու համար ներկայացրել է «Ալմաստանման ածխածնային թաղանթների ստացման եղանակ և սարք» աշխատանքը, իսկ երկրորդը` ՀՀ արտոնագրի համար մշակած «Վինիլացետատի ստացման եղանակը» աշխատանքի համար: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ստեփան Մեսչյանը (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ)` «Կավային գետնահողերի հոսքաբանության փորձարարական հիմքերը» մենագրության համար:

Մրցույթն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամը: Գիտության զարգացման հիմնադրամը պետական բյուջեից որեւէ ֆինանսավորում չունի, նրա ֆինանսական միջոցները ստացվում են միայն նվիրատվություններից եւ բանկում հավաքված գումարների տոկոսներից։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթեւոսյանը: Մրցանակաբաշխությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ Ռուսաստանի հայերի միությունը: 

Տեղեկացնենք, որ «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն երկրորդ անգամ։