Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե մասնավորապես` «Սմբատյանշին» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. տարեկան հարկվող շահույթը չհիմնավորված ծախսերով նվազեցնելու եղանակով, պետեկամուտների կոմիտեի` 2009թ. ապրիլի 15-ին Աշտարակի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած շահութահարկի հաշվարկում ներառել է խեղաթյուրված տվյալներ` այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափի` 16 մլն 995 հազար 200 դրամ շահութահարկը պետական բյուջե վճարելուց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:


























