Կահիերում Հայաստանի դեսպանության ճշտված տվյալների համաձայն Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սինայի թերակղզու հարավում ավտոբուսների բախման հետեւանքով 25 մարդ է զոհվել, 50-ից ավելին վիրավորվել են:Վթարը տեղի է ունեցել կեսգիշերից անց՝ Շարմ էլ Շեյխ քաղաքից 50 կմ հարավ։ Երկու ավտոբուսների բախման հետեւանքով դրանցից մեկը շրջվել է։
Ըստ Reuters-ի՝ վթարի ենթարկված ավտոբուսներից մեկում Շարմ էլ Շեյխում հանգստացող զբոսաշրջիկներ են եղել։ Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալների՝ տուժածների շարքում կան ռուսաստանցիներ, Ուկրաինայի քաղաքացի, Սաուդյան Արաբիայի երկու հպատակ եւ Եմենի մեկ բնակիչ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Շարմ էլ Շեյխի միջազգային հիվանդանոց։





























