Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը չի ճանաչում Սեւանի հիվանդանոցի տնօրենի թափուր աշխատատեղի համար առաջին փուլն անցած թեկնածուներին, սակայն համոզված է, որ մրցույթն արդար կընթանա եւ կհաղթի լավագույն մասնագետը:
«Ես արձակուրդի մեջ եմ, մարզում էլ չեմ, բայց գիտեմ, որ ամսի 20-ին մրցույթը կայացել է, անցել են 3 թեկնածու: Ամեն ինչ օրենքով է եւ հաղթելու է նա, որն ավելի բարձր միավորներ կհավաքի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների՝ տնօրենին նշանակելու է մարզպետը, վերջինս հակադարձեց. «Ես ոչ մեկին էլ չեմ ճանաչում ու չեմ էլ նշանակելու ինչ-որ մեկին: Արդար մրցույթ է լինելու եւ հաղթելու է լավագույնը»:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» թերթի՝ 3 թեկնածուներից՝ Արամ Նիկողոսյանից, Վարուժան Մանուկյանից եւ Աղվան Կարապետյանից, տնօրեն կնշանակվի նա, որը կբավարարի մարզպետի «ախորժակը»:
«Ում թիկունքում ավելի ուժեղ մարդ կանգնած լինի, նա էլ կնշանակվի: Ե՞րբ է արդարություն եղել, որ հիմա էլ լինի: Ով էլ լինի տնօրենը, մենք ուզում ենք, որ գոնե մի քիչ բարելավվի հիվանդանոցի վիճակը»,- ասել են սեւանցիները:





























