Մոսկվայի իշխանությունները որոշել են աշխատանքային ներգաղթյալների համար ստեղծել հատուկ օրենքների շարք, յուրատեսակ «արտասահմանցու օրենսգիրք»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի միջտարածաշրջանային կապերի եւ ազգային քաղաքականության կոմիտեի ղեկավար Միխայիլ Սոլոմենցեւը:

«Ներկայումս գործում են չգրված օրենքներ, որոնք մեր քաղաքացիները պետք է չխախտեն: Օրինակ՝ բակում ոչխար չմորթեն: Իսկ մոտ ժամանակներս մենք ուզում ենք մշակել մի շարք օրենքներ, որոնց ներգաղթյալները, ովքեր պատրաստվում են մշտապես բնակվել Մոսկվայում, շուտ  հարմարվեն»,-ասել է նա:

Նրա խոսքով, այս նախաձեռնությունը նրա համար է, որպեսզի ներգաղթյալները, որոնք ծանոթ չեն ռուսական ավանդույթներին եւ խախտում են հաստատված կանոնները, չշփոթեցնեն շրջապատի ներկայացուցիչներին կամ վախ ու թշնամություն չառաջացնեն նրանց մոտ:

«Ներգաղթյալները Մոսկվայում իրոք որ շատ են, ավելի շատ, քան անհրաժեշտ է քաղաքին: Այստեղից էլ ահա մշտական բնակչության անհանգստությունը, որը երբեմն ֆոբիայի է հասնում օտար, անհայտ ավանդույթներ եւ կենսաձեւ տեսնելիս»,-նշել է Միխայիլ Սոլոմենցեւը: