Հայաստանը կարող էր միջնորդ դառնալով՝ Վրաստանին «բարի» ծառայություն մատուցել. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Թբիլիսին ձգտում է ինչ-որ կերպ կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն ռուսական պատժամիջոցների տեսքով անսպասելի խնդիր ծագեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ վերլուծելով Վրաստանի վարչապետի Հայաստան պաշտոնական այցի արդյունքները:

Փորձագետի համոզմամբ՝ Վրաստանը նույնպես կարող է շատ հարցերում Հայաստանի համար լավ հարեւան լինել: «Այժմ Վրաստանին, ի դեմս ռուսական պատժամիջոցների, տհաճություններ են սպառնում. որոշ ռուս քաղաքական գործիչներ արդեն պահանջում են, որպեսզի պատժամիջոցներն ազդեն նաեւ Վրաստանի վրա: Հայաստանը կարող է օգտագործել Ռուսաստանում ունեցած իր ազդեցությունը: Այն, որ Հայաստանը կցանկանա օգնել Վրաստանին, որեւէ կասկած չի հարուցում, Հայաստանն ուրախ կլիներ օգնել Վրաստանին գոնե մեր ապրանքների արտահանման գործում, սակայն վստահ չեմ, որ Հայաստանը Կրեմլում ազդեցություն ունի»,- նշեց Ցինցաձեն:

Այժմ, ըստ նրա, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Մի կողմից, վրացի փորձագետի խոսքով, Հայաստանն ուրախ կլիներ Վրաստանին ծառայություն մատուցել, քանի որ վաղը Հայաստանն իր ծառայության կարիքը կարող է զգալ: «Մի կողմից, սա ազդեցության յուրատեսակ քննությունն է, արդյո՞ք այն բավարար է, որպեսզի ստիպի Ռուսաստանին մեղմել պատժամիջոցները Վրաստանի համար: Հայ-վրացական հարաբերություններում հիմք է դրվում կամ ամրապնդվում է ամենօրյա ռեժիմում համակարգային համագործակցությունը»,- ընդգծեց Սոսո Ցինցաձեն:

Ինչ վերաբերում է երկու նախագծերի՝ Եվրասիական տնտեսական միության ու Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի հակասություններին, որոնց մտադիր են անդամակցել Հայաստանն ու Վրաստանը, ապա, ըստ փորձագետի, տեսական վտանգ գոյություն ունի, որ Վրաստանի ու Հայաստանի տնտեսական վեկտորները կբաժանվեն: «Վրաստանը մոտ ապագայում Մաքսային միություն մուտք չի գործի, Հայաստանը գրեթե ՄՄ անդամ է. այն Հայաստանին խիստ պարտավորեցնում է, այդ պայմաններում հարկավոր է իրավիճակը հսկողության տակ պահել, որպեսզի չվերաճի հակամարտության եւ հակասությունների: Ուստի նման հանդիպումներն անհրաժեշտ են»,- եզրափակեց Սոսո Ցինցաձեն:

Օգոստոսի 21-22-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում: Իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում նա վստահություն հայտնեց, որ երկու երկրների անդամակցությունը ինտեգրացիոն տարբեր միավորումների խոչընդոտ չի դառնա հայ-վրացական տնտեսական, քաղաքական ու մշակութային համագործակցության համար: