Անհիմն եւ անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում` քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարության բողոքը` Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ:
«Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ: Անհնար է մոռացության մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, Հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները: Կարեն Պետրոսյանի սպանության ակնհայտ փաստերը հերքելու անհաջող փորձերն իրականացվում են ավանդական դարձած նույն ոճով, որով Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային հանրության արձագանքները` Ադրբեջանում ակտիվիստների հալածանքների վերաբերյալ: Տարբերությունն այն է, որ այլակարծիք քաղաքացիներին մեղադրում են հայերի լրտես լինելու մեջ, իսկ քննադատող միջազգային կառույցներին եւ երկրներին մեղադրում են հայերի ազդեցության ներքո լինելու համար: Այդպիսի մեղադրանքները կրկին անգամ վկայում են Ադրբեջանի ներկա իշխանությունների հայատյաց էության մասին»,- հավելել է Շավարշ Քոչարյանը:
Ըստ պաշտոնյայի, Կարեն Պետրոսյանի սպանությունը շատ նմանություններ ունի մի քանի օր առաջ ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ, որին հրապարակայնորեն նվաստացրին, ապա սպանեցին:
«Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի քաղաքացու սպանությունը հրապարակային չէր, այլ հենց այնպես, ինչպես գիշերվա քողի տակ գաղտնագողի կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը, իսկ ոճրագործը հերոսացվեց Ադրբեջանում: Իրերն իրենց անունով կոչողներին մեղադրելու փոխարեն` Բաքվի իշխանությունները պետք է հասկանան, որ նման բարբարոսական մեթոդներով գործելը իրենց երկիրը տանում է դեպի միջնադարյան անդունդ»,- եզրափակել է Ագ փոխնախարարը:





























