ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը Երեւանում հունիսի 16-ին ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տորդոր Ստայկովի հետ քննարկել է սեպտեմբերի 9-10-ը Երեւանում անցկացվելիք Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-բուլղարական գործարար համագումարի անցկացմանը վերաբերող հարցեր: Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մ.Վարդանյանն  է:

Նշենք, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերի 9-10-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Դեսպան Տ.Ստայկովն անդրադարձել է նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը, մասնավորապես` Երեւան-Սոֆիա-Երեւան ուղիղ ավիաչվերթի կազմակերպմանը,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվացմանը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացմանը: