Լրագրող Իլգար Նասիբովի հանդեպ դաժան հարձակումն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի արագ ու արմատական վատթարացման վերջին կաթիլն է: Այդ մասին հայտարարել է «Freedom House» կազմակերպության նախագահ Դեւիդ Քրամերը՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Իլգար նասիբովի դեմ կատարված վայրենի հարձակման:
«Ինչպես երեւում է, Ադրբեջանի կառավարությունը վճռական է տրամադրված մարդու իրավունքների մարտիկներին եւ իր գործողությունները քննադատողներին ահաբեկելու համար, ինչպես որ տեղի ունեցավ օգոստոսի 21-ին Նասիբովի հետ: Նախագահ Իլհամ Ալիեւը սխալվում է, եթե կարծում է, թե կառավարությունն անհետեւանք կարող է հետապնդել իրեն քննադատողներին, այն ժամանակ, երբ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ թեժ կետերում»,- նշել է Քրամերը:
Նրա խոսքով՝ Ալիեւն ու իր կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն թշնամական միջավայրի համար, որը պաշտպանում են: «Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը պետք է դիտարկեն այն պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարցը, որոնք թույլ են տալիս կամ իրագործում են այդ սարսափելի չարաշահումները»,- հավելել է «Freedom House» կազմակերպության նախագահ Դեւիդ Քրամերը:





























